Արմմոնո-2010

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Արմմոնո-2010Մարտի 17-24-ը Երևանում անցկացվելու է «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում ցուցադրվելու է 18 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաև հայ դերասաններ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում. ներկայացվելու է Մոսկվայի էստրադայի թատրոնի «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացումը` ճանաչված և սիրված դերասան Գենադի Խազանովի կատարմամբ:
Փառատոնի շրջանակներում հանդես է գալու Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնը` Ռիմաս Տումինասի «Խելագարի հիշատակարանը» բեմադրությամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում թատերասերներին ներկայանալու է ճանաչված դերասանուհի Օլգա Կուզինան իր «Ես եմ ճայը» մոնոներկայացմամբ: Այս ներկայացումը ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որը ստեղծվել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնի և Երևանի պատանի հանդիսատես թատրոնի համագործակցության արդյունքում: Ներկայացման բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասան Դանիել Լյուդվիգի (Շվեյցարիա) «Մուհամեդի ճանապարհորդությունը», Յանոշ Ստոլարսկու (Լեհաստան) «Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը» և «Ծածկագիր» ներկայացումները: Այդ թվում նաև Վերա Մվովիչի (Սերբիա), ըստ Մարինա Ցվետաևայի, «Սոնեչկա» մոնոներկայացումը:
«ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում` հայաստանյան ծրագրում հանդես եմ գալու Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Կարինե Ջանջուղազյանը` «Լույսը կբացվի», Արեն Վաթյանը` «Զանգ վերևից» և Սամվել Բաղինյանը` «Մատյան ողբերգության», Արմեն Սանթրոսյանը` «Մի քաղաքի պատմություն», Նարինե Գրիգորյանը` «Թռիչք քաղաքի վրա» մոնոներկայացումներով:
Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում ֆրանսիական թատրոն «Էտոն» ներկայացնելու է Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացումը:
Փառատոնն իրենց ներկայությամբ պատվելու են նաև մոնոփառատոնների ղեկավար-պրոդյուսերներ Լեհաստանից, Ուկրաինայից, Շվեյցարիայից և Գերմանիայից:
«ԱՐՄՄՈՆՈ» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: