Արմմոնո - 2012

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Արմմոնո - 2012Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, «Սայաթ-Նովա» և Վահագն մրցանակաբաշխությունների կենտրոն» ՀԿ-ն 2012 թ. փետրվարի 29–ից մարտի 5 –ը Երևանում անցկացնում են մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ` հոբելյանական փառատոնը, որին ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` Հայաստան-Լիտվա մշակութային երկկողմ համագործակցության շրջանակներում կմասնակցի նաև Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիդաս Ստանպոնկուսի: Պատվիրակության կազմում են Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր տկն. Նոմեդա Զենկենեն և լեգենդար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը, ում ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն փառատոնի շրջանակներում՝ փետրվարի 29-ին տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Արմմոնո - 2012Հոբելյանական փառատոնի առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը, որը նվիրված կլին նաև մեր երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին: Լիտվական նշյալ ծրագրի շրջանակներում փառատոնին կհյուրընկալվեն Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, մոնոթատրոնի անվանի դերասանուհի Բիրուտե Մարը, բեմադրիչ Լինաս Մարիուս Զայկաուսկասը, ինչպես նաև լիտվացի հանրահայտ դրամատուրգ Լուչիա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան բեմադրության պրեմիերան կկայանա փառատոնի օրերին /բեմադրիչ Գոռ Մարգարյան, դերակատար Զարուհի Խաչատրյան/: Փառատոնին ներկայացումներով հանդես կգան նաև Գերարդ Լոգանը /Միացյալ Թագավորություն/, Իրինա Եվդոկիմովան /Ռուսաստան/, Յանոշ Ստոլարսկին/Լեհաստան/, Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվ. թատրոնը /Վրաստան/, Մարինա Կարցևան /Ռուսաստան/: Հայաստանից փառատոնին կմասնակցեն Արմեն Սանթրոսյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Նորա Բադալյանը, Անահիտ Մութաֆյանը, Սամվել Բաղինյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Գենադի Առուշանյանը /Ստեփանակերտ/ և այլք:
Մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում առանձին ծրագրով կներառվի նաև Վ. Փափազյանի անվ. Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարվանից կրկին անցնում է մոնոներկայացումների ձևաչափին:
Փառատոնին կհյուրընկալվեն ռուս հանրահայտ թատերագետ Էլեոնորա Մակարովան, բելառուս հայտնի թատերագետ Լենա Լիոպոն, վրացի թատերական պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, Վրոցլավի /Լեհաստան/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, Քիլի /Գերմանիա/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Իոլանտա Զուտովիչը, Խմելնիցկիի /Ուկրաինա/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի նախագահ Նինա Մազուրը, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. դրամատիկական թատրոնի տնօրեն Նինա Նիկոնորովան և ուրիշներ:
ՀՀ մշակույթի նախարարությունում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին նվիրված ասուլիսին մասնակցում են. Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիդաս Ստանպոնկուսը, Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր տկն. Նոմեդա Զենկենեն, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը, Լիտվայի և ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: