«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը |
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ։ Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Փառատոնը կբացի ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթևոսյանի: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 21 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ: Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Զարուհի Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, Արամ Հայրապետյանը և այլք: Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք սրտի, արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի, հասկանալի պատճառներով: Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն: Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք: Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում: Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց...» պիեսը: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ: Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ: |