«ATSPINDIS» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ X ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ATSPINDIS» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ X ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

«ATSPINDIS» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ X ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՀոկտեմբերի 14-17-ը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն ու դերասանուհի Նորա Բադալյանը (Հով. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն) մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական X հոբելյանական փառատոնին: Ն. Գրիգորյանը ցուցադրել է «Դզին» / ըստ Ն. Ֆիլիոնի բանաստեղծության, բեմ.՝ Ռուբեն Բաբայան/, իսկ Ն. Բադալյանը «Քիչ ավելի, քիչ պակաս» /ըստ Ա. Նիկոլայի, բեմ.՝ Հռիփսիմե Շահինյան/ մոնոներկայացումները:
«ATSPINDIS» փառատոնին այս տարի ցուցադրվել է 14 ներկայացում՝ 6 երկրից (տան տերերից բացի). Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հայաստան, Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստան: Հայաստանը փառատոնին մասնակցում է 5-րդ անգամ: Փառատոնի տնօրենն է Մարիա Տանանան:
«ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնի հյուրերի թվում այս տարի եղել են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Մարիաննա Մխիթարյանը (Հայաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), ՌԴ վաստակավոր արտիստ Վսևոլոդ Չուբենկոն (Վոլոգդա), Անդրեյ Նովիկովը (Մոգիլև), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա):
Ներկայացումները հաջող ընթացք են ունեցել. հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել և՛ Ն. Գրիգորյանի, և՛ Ն. Բադալյանի աշխատանքները: Հայ դերասաններին Լիտվայի քաղաքապետ Դալյա Ստրաուպայտենը հանձնել է շնորհակալագրեր:
Դերասանուհի Ն. Բադալյանը Վիլնյուսում (փառատոնի շրջանակներից դուրս) ցուցադրություն է ունեցել հայ համայնքում. «Քիչ ավելի, քիչ պակաս» մոնոներկայացումը ցուցադրվել է մեր հայրենակից Արմեն Բադալյանի տնօրինությամբ գործող թանգարանում: Ն. Բադալյանի ներկայացմանը ներկա է գտնվել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: