«Արմմոնո Plus». նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

«Արմմոնո Plus». նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին«Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ
նոյեմբերի 26-29-ը, Երևանում առաջին անգամ կանցկացվի «Արմմոնո Plus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է)` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 9 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «Համլետ Machin», Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին», Արա Ասատուրյան՝ «Խելագարի հիշատակարան», Ստեփան Շահինյան՝ «Վերջապես վերջ», Արամ Հայրապետյան՝ (Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն) «Կարապի երգը», Մարիամ Դավթյան՝ «Անծանոթ կնոջ նամակը» (Արմմոնո-դեբյուտ), Դիանա Բաբայան՝ «Ինչի՞ համար է այս անակնկալը» (Արմմոնո-դեբյուտ), Կարոլինա Եսայան «Կարապը» և Մարյաննա Մարուշանկովսկայա՝ «Աղջիկն ու ջութակը» (Արմմոնո-կլաս):
«Արմմոնո Plus» փառատոնի ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Երիտասարդ թատերագետ Ռուզաննա Առաքելյանի դիտակետում «Էկրանը՝ մոնոներկայացումներում» և «Մեկ դերասանի թատրոն» թեմաներն են:
Փառատոնի բացումը կկայանա նոյեմբերի 26-ին՝ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (փոքր բեմ):
«Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնը հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2018թ.-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ը:
Ներկայացումների մուտքն անվճար է:
__________________
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մամուլի ծառայություն