Իր գոյության շուրջ մեկ ու կես տասնյակից ավել տարիների ընթացքում «Արմմոնո»-ն ձևավորեց ու զարգացրեց «Մեկ դերասանի թատրոն»-ի մշակույթը մեր երկրում: «Արմմոնո»-ի շրջանակը տարեցտարի ընդլայնվում է, իսկ թատերարվեստի այս տեսակն էլ իր հերթին նոր դրսևորումներով է ներկայանում: Փառատոնի ազդագրերը ամեն մի մեկնարկի ծրագրերի նոր շարք են ներկայացնում: Այս տարի փառատոնի «Plus» ծրագրում ընդգրկված էր բացառիկ մի մոնոներկայացում`«Համբարձման գիշեր» մոնոօպերան (ըստ Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի): Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանում, փոքր սրահում մեր լեռնաշխարհի ասես տաք ու ջերմ գույների ընտրությամբ ձևավորված բեմատարածքում Անուշն է` երիտասարդ օպերային մեներգչուհու` Հասմիկ Հարությունյանի դերակատարմամբ: Ակնհայտ մտավախությամբ համակված հանդիսատեսը մտորում է այն մեծ պատասխանատվության մասին, որը դրված է սոպրանո Հ. Հարությունյանի ուսերին: Թումանյանական հայացքի ներքո է մեներգչուհին իր արիաները հնչեցնելու, տեխնիկապես գերլարված, քիչ դադարներով երիտասարդ սիրահարի վիշտն ու սերն է երգելու: Իսկապես մասնագիտական ինքնավստահություն է պետք էքսպերիմենտալ նման քայլ` վճռորոշ քայլ անելու համար:
Այս կոմպոզիցիան, որը հյուսված էր Անուշի դրամատիկ արիաների և թումանյանական քնարական տողերի ասմունքի (ներկայացման ռեժիսոր Արսեն Ղազարյանի կատարմամբ հնչում էր ձայնագրված տեքստը) շուրջ ստացված էր: Հ. Հարությունյանը մեր առջև կերպավորում էր ճերմակ հագած, կուժն ուսին առած Անուշին, ով «Ամպի տակից ջուր է գալի» բանաստեղծական տողը շուրթերին գնում է դեպ սրահի խորքում կապտավուն շղարշներով ձևավորված, «լազուր կամարով» աղբյուրը: Նա մեկ ուռենուն է դիմում իր վշտերով ու ձեռքի մեջ առնում մի ճյուղ, մեկ ուրախ-զվարթ ծաղկեշղթայով զարդարված վիճակ հանում:
Ռեժիսորական գտնված տեսարաններից ենք համարում վիճակախաղի տեսարանը, որտեղ վտանգը առաջին անգամ բեմ է խուժում, իսկ Անուշը տագնապած է, գլուխը ձեռքերի մեջ առած, հայացքը երկնքին` շվարած աջ ու ձախ է անում:
Մեկ այլ տեսարանում երաժշտությունը Անուշի համար կերպավորվում է որպես Մոսի և նա լուռումունջ ձեռքը առաջ պարզած ու անշարժացած, ասես երկխոսության մեջ է մտնում եղբոր հետ, աղերսում չկրակել:
Պատկեր առ պատկեր բեմադրիչը հմուտ է համադրել երգերի ու ասմունքի հաջորդականությունը: Ընդհանուր առմամբ պոեմը այս ձևաչափում պահպանել է իր գեղարվեստական արժեքը, պոետիկ խոսքն ու դրամատիկ անցքերը:
Բեմադրիչի մտահղացման համաձայն սպիտակ, սև, կանաչ ու կարմիր շղարշների կիրառումը կերպավորում էին հերոսուհու տարբեր ապրումները: Նա ագուցում էր դրանք կամ պարուրվում դրանցով և այլն: Գտնված մեկ այլ վճիռ էլ կա` սպանված Սարոյին խորհրդանշող սև յափնջու խաղարկումը: Այդ տեսարանում Անուշը գետնատարած փարվում է «Սարոյին»: Նրա յուրաքանչյուր հպումը յափնջուն մեզ համար դառնում է հավերժական սիրո, վերերկրյա, անհնար սիրո կրողը:
Դերասանուհին խաղի մեջ է ներգրավում երաժշտական ակորդները, կերպավորում դրանց: Լույսը, ուռենին նրա համար հերոսուհու ներաշխարհը մեկնելու միջոց են դառնում: Դերասանուհու աչքերի խաղը այնքան խոսուն է, որ նրա հայացքի մեջ մենք տեսնում ենք սիրած տղային կորցրած, դառնացած ու խելագար սիրահարին:
Ներկայացումը բեմադրիչը ավարտում է ասես երկու ֆինալով: Առաջինը դա սպիտակ շղարշով փաթաթված դեպի աղբյուրն ու ջրվեժը գնալն էր և իր պատմությունը հենց այդ աղբյուրի ջրերին ձուլված ավարտելը: Մյուս ֆինալը տևական դադարից հետո այս տեսարանի շարունակությունն էր: Նա ասես ճեղքում է ջրերը ու գալիս փարվում Սարոյի յափնջուն: Նման շարունակությունը մեզ համար ավելորդ անգամ թուլացնում է ներկայացման գաղափարը, քանզի փոխանցվող ասելիքը արդեն իսկ մեզ էր հղվել նախորդ ֆինալից:
Խոսելով թումանյանական տողերի ասմունքի մասին ցանկանում ենք նկատել, որ տեղ-տեղ ասմունքը գերակշռում է (հասկանալի է, որ ինչ-որ տեղ այն նաև տեխնիկական դադար է, որպեսզի դերասանուհին շունչ առնի): Ասմունքի համար նպատակահարմար ենք գտնում ավելի առանցքային ու դիպուկ հատվածների ընտրությունը:
Մոնոօպերաների ընդգրկումը «Արմմոնո»-ին մեզ համար ողջունելի է: Այն նոր, պրոֆեսիոնալ երանգ է հաղորդում փառատոնին: Համարում ենք, որ այս տեսակ համարձակ փորձարարությունների շնորհիվ «Մեկ դերասանի թատրոն»-ը ընդլայնվում է` իր ձևաչափի մեջ առնելով թատերարվեստի այլ տեսակներ:
Ռուզաննա Առաքելյան թատերագետ