Skip to content Skip to footer

«ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015»

«ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ

Հոկտեմբերի 16-23-ը «ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015» խորագրի մասնակիցներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական երրորդ կուրսի ուսանողներ (Հրաչյա Ղազարյանի արվեստանոց) ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մասնակցել են Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտում անցկացվող Ռեժիսուրայի XIII միջազգային փառատոնին, որի շրջանակում նրանք ներկա են գտնվել անվանի ռեժիսորների, թատերագետների, մանկավարժների կողմից անցկացվող վարպետության դասերին, հնարավորություն են ունեցել Մոսկվայի մի շարք թատրոններում ներկայացումներ դիտելու և դիտածը թատերագետների հետ քննարկելու:
Փառատոնի հատուկ պահանջների համաձայն՝ մասնակիցները պետք է տասնօրյա ժամկետում ընտրեին դերասաններ և բեմադրեին Ժան դը Լաֆոնտենի առակները և արդյունքում արժանանային մրցանակների: Բ. Գրիգորյանը բեմադրել էր «Աղվեսը և ճանճերը» առակը, իսկ Լ. Բաղդասարյանը՝ «Ճարպիկ հարսնացուն»: Ժյուրիի որոշմամբ՝ Բ. Գրիգորյանն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն զանգվածային տեսարաններ բեմադրելու համար» անվանակարգում:
Ի դեպ, Բ. Գրիգորյանի և Լ. Բաղդասարյանի կողմից բեմադրված ներկայացումների գլխավոր դերակատարները ևս մրցանակի են արժանացել՝ «Լավագույն դերակատար» անվանակարգում:

Ս/թ հոկտեմբերի 24-26-ը «ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015» խորագրի մասնակից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական երրորդ կուրսի ուսանողուհի ՌՈՒԶԱՆՆԱ ՌԱՄ ԹՈՒՆԻԵՎԱՆ (Հրաչյա Ղազարյանի արվեստանոց) մասնակցել է Վրոցլավի (Լեհաստան)՝ «Վրոստյա» (WROSTJA) 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին՝ ցուցադրելով Ն. Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որն արժանացել է «Հաջողության աստիճան» մրցանակի:
Ռ. Ռամ Թունիևան հնարավորություն է ունեցել շփվելու անվանի թատերական գործիչների հետ, ինչպես նաև առաջարկներ է ստացել՝ շարունակելու ուսումը Լեհաստանում և Անգլիայում:
«Վրոստյա» փառատոնին այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում՝ 6 երկրից. Անգլիա, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան: Հայաստանը փառատոնին մասնակցում է 14-րդ անգամ: Փառատոնի տնօրենն է Վեցլավ Գերասը: