Skip to content Skip to footer

Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ փառատոնը

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը:  

«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2024 թվականին:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 8 մոնոներկայացում-առաջնախաղ. Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան՝ «Լինում է, չի լինում», Գագիկ Մադոյան՝ «Միաժամանակ», Արմեն Քուշկյան՝ «Քաղաքի աղմուկը» և «Համլետի երազները», Լիլիա Մուկուչյան՝ «Ես Ռասպուտինի դուստրն եմ» և «Վարեչկա», Նվարդ Դուդուկչյան՝ «Պարզապես կին», Զառա Հակոբյան՝ «Ես, սիրելի Կապոչկան, նյարդային մարդիկ և այլ տեսակետներ»։

Արմեն Քուշկյանի «Համլետի երազները» ներկայացումը նվիրվում է ՀՀ ժողվրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին։ «Համլետի երազները» բեմադրիչի վերջին աշխատանքն էր։ Ներկայացմանը ներկա կգտնվի պիեսի հեղինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը (Գերմանիա)։ Նա «Արմմոնո Plus»  փառատոնի հատուկ հյուրն է։

Փառատոնի բացումը կազդարարի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի «Լինում է, չի լինում» մանկական ինտերակտիվ մոնոներկայացումը։ Ներկայացմանը ներկա կգտնվեն արցախցի փոքրիկները։   

«Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում և ՀԹԳՄ-ում։