Skip to content Skip to footer

Արմմոնո - 2016

Armmono 2019

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ` ս/թ ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը:
Փառատոնի բացման արարողությունը կկայանա ապրիլի 29-ին, ժամը` 18:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան):
«Արմմոնո-2016» փառատոնը կբացի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացումը՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Հ. Պետրոսյան):
Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացմումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:
Բացի հիմնական ծրագրից, որը ներառում է արտերկրյա և հայ մոնոներկայացումներ, կանցկացվեն նաև հետևյալ ծրագրերը՝ «Արմմոնո-Տրիումֆ». կցուցադրվեն 2015թ. հաջողություն ունեցած մոնոներկայացումները, «Արմմոնո-Դեբյուտ». կցուցադրվեն առաջին քայլեր անող դերակատարների ու բեմադրիչների աշխատանքներ, «Մեկ հեղինակի թատրոն» (2016թ. փառատոնի նորամուծություններից է). կցուցադրվի հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի գործերից՝ «Կույրը» (դերակատար՝ Արթուր Կարապետյան), «Լույսը կբացվի» (դերակատար՝ Կարինե Ջանջուղազյան):
Առանցքային են երկու նախագիծ, որն իրականացվել է Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ («Վրոցլավը`եվրոպական մշակութային մայրաքաղաք»): Նախագծի շրջանակում նախատեսվում է 2 մոնոներկայացման ցուցադրություն Լեհաստանից և մեկ հայ-լեհական համատեղ մոնոներկայացման բեմադրություն-առաջնախաղ (Տադեուշ Ռուժևիչ՝ «Զվարճալի ծերունին»): Այս նախագծի շրջանակում կանցկացվի նաև դասախոսություն՝ նվիրված լեհ հեղինակի կյանքի և ստեղծագործական ժառանգությանը:
Նշենք, որ Երևանում բեմադրված հայ-լեհական համատեղ մոնոներկայացումը (բեմադրիչ՝ Հրաչյա Ղազարյան, դերակատար՝ Արա Ասատուրյան) 2016թ.-ին հրավիրված է Վրոցալավ՝ մասնակցելու «Վրոցլավը՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք» նախագծին: Այն կանցկացվի թատերական օլիմպիադայի շրջանակում՝ նվիրված Վրոցլավի՝ «Վրոստյա» միջազգային թատերական մոնոփառատոնի 50-ամյակին:
«Արմմոնո-2016»-ի շրջանակում նախատեսված է ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին. կցուցադրվի «Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը, որի հեղինակը 2015թ.-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել: Սվետլանա Ալեքսևիչի «Մարգարիտա և Աբուլֆաս» վեպում արծարծվում է Բաքվի ջարդերի թեման (դերակատար՝ Ելենա Դուդիչ): Ներկայացումը բեմադրվել է Բելառուսում:
«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):
Փառատոնի շրջանակում Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Վ. Տերեշենկոն կանցկացնի վարպետության դաս` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Ներկայացումների մուտքը կլինի անվճար:


Ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Լեհաստանի Հանրապետության դեսպան Հայաստանի Հանրապետությունում՝ Եժի Մարեկ Նովակովսկին, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասաններ Արա Ասատուրյանն ու Հայկ Պետրոսյանը: