Skip to content Skip to footer

Մեր Մասին

Մոնոներկայացումն աշխարհում ընդունված և արդի թատերական ժանրերից մեկն է, որը հարազատ և սիրելի է դարձել նաև հայ հանդիսատեսի համար: Այս տեսակ ներկայացումների ընթացքում կապ է ստեղծվում հանդիսատես-դերասանի միջև: «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնն անց է կացվել 2003թ. սեպտեմբերի 24-ին: 2008թ.-ից «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը Մարիաննա Մխիթարյանն է: Տարիների ընթացքում փառատոնը ձեռնամուխ է լինում նոր նախագծերի՝ այդ թվում՝ առցանց, նոր խորագրերի ստեղծմանը՝ «Արմմոն-Դեբյուտ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Կլաս», «Արմմոնո-Դանս», «Արմմոնո-Fairy Tail» և այլն։ «Արմմոնո» փառատոնը սպասված իրադարձություն է։ Տարվա կտրվածքով անց է կացվում երկու անգամ։ Փառատոնը հարթակ է, որը նպաստում է միջազգային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ստեղծագործական նոր մտահղացումների, ինչպես նաև թատերական նոր ուղղվածությունների ու նոր ձևաչափերի ստեղծմանը։ «Արմմոնո» փառատոնն իր հստակ ձևաչափով, շարունակ թարմացվող նոր նախագծերով Հայաստանում առաջատարներից է։ Փառատոնը կարևորում է ազգային արժեքների մտայնությունն ու պահպանումը։ 2017թ.-ից մեծ պահանջարկ է վայելում «Արմմոնո Plus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները հնարավորություն ունեն ցուցադրվելու նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում: Փառատոնի համար շատ կարևոր է Հայաստանի մարզերում բեմադրվող մոնոներկայացումները, ինչպես նաև մազրում միջազգային ծրագրի անցկացումը։ Հայ մասնակիցները «Արմմոնո» փառատոնի անունը միշտ բարձր են պահել նաև երկրի սահմաններից դուրս։ Տարբեր տարիների ընթացքում հրավերներ են ստացել մասնակցելու այս կամ այն հեղինակավոր մոնոփառատոներին, որտեղից վերադարձել են մրցանակներով, գրան-պրիներով: «Արմմոնո» փառատոնի ներկայացումները ցուցադրվում են երևանյան տարբեր դահլիճներում և ոչ միայն՝ նաև թանգարաններում, տարբեր փորձարարական բացօթյա տարածքներում: «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցել են հայտնի դերասաններ` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, ինչպես նաև Պարսկաստանից ու Վրաստանից: Անց են կացվել նաև վարպետության դասեր։ 2020թ․ կյանքի են կոչվել մի շարք նոր նախագծեր։ Այդ թվում`առցանց։ Տարբեր օտար լեզուներով հնչել է Հովհ․ Թումանյանի «Ախթամարը»։ Պատերազմի օրերին «Արմմոնո» փառատոնն իրականացրել է նաև բարեգործական նախագիծ՝ «Արմմոնո-Fairy Tail» ՝ իրենց բնակավայրերից հեռու գտնվող երեխաների համար։ Նախագծի նպատակն էր՝ ապահովել ոչ միայն երեխաների ժամանցը, այլ նաև փորձել դուրս բերել նրանց սթրեսային վիճակներից՝ հեքիաթների ու զրույցների միջոցով։ Fairy Tail-ը սթրեսից դուրս գալու լավագույն միջոցներից է, և մենք շատ կարևորում ենք սթրեսի դեմ պայքարելու այս միջոցը։