Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնը: «Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2025 թվականին:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։ Միջազգային ծրագրում ներառված են Ելենա Կալագանովայի (ՌԴ) «Երջանիկ Շառլոտան» և Ջորջի Դվալիշվիլու (Վրաստան) «Մեկ ուրիշը» մոնոներկայացումները։ Փառատոնի բացումը կազդարարի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը՝ ՀՀ վաստ․ արտիստ Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ։
Փառատոնին ներկա կգտնվեն մոնոփառատոների տնօրեններ արտերկիրց։ «Արմմոնո Plus» փառատոնի հատուկ հյուրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը (Գերմանիա)։
Փառատոնի շրջանակում նախատեսված է «Ամպերի եզրին» պիեսի թատերականացված ընթերցում՝ դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանի կատարմամբ։ Այն արհեստական բանականության միջոցով ստեղծված փորձարարական պիես է։ «Արմմոնո-հանդիպում» նախագծի հյուրը ԵԹԿՊԻ մագիստրոս Սոնա Խաչատրյանն է: Դիտակետում՝ «Արհեստական բանականությունն ու թատրոնը» թեման է:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համագործակցության շրջանակում փառատոնը կներկայացնի երկու յուրահատուկ իրադարձություն. մոնոներկայացում և համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին: «Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, «Փոքր» թատրոնում, ՀԹԳՄ-ում, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Կամերային թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: