Skip to content Skip to footer

«ԱՐՄՄՈՆՈՆ» պարզում է թևերը

․․․ և այս տարի մենք բացի դրամատիկական ներկայացումներից ականատես եղանք մեզանում նաև մոնոպար և մոնոօպերա ժանրերի երևան գալուն:
Բայց սա դեռ ամենը չէ, ինչ մատուցվեց հանդիսատեսին այս տարի: Փառատոնի տնօրինությունն ու ստեղծագործական թիմը որոշեցին պարզել, թե ինչպե՞ս կհնչի արարը թատերական դահլիճներից դուրս. թանգարանում, գեղանկարչի արվեստանոցում և պարզապես որևէ մեկուսի տարածքում: Եվ այդ փորձարարության ավելի քան դրական պտուղները այլևս ակնհայտ են:
Եվ ուրեմն այսօր Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում կայացավ մի մեծ իրադարձություն. «Համբարձման գիշեր» մոնոօպերայի առաջնախաղը` ըստ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի:
ԴիմաԳրքի ձևաչափը, անշուշտ, պարտադրում է իր կանոնները, և ուստի թռուցիկ նշենք «ռեպերային կետերը», որպեսզի թատերա-երաժշտասեր հանդիսատեսը գոնե մոտավոր պատկերացում կազմի «Համբարձման գիշեր» ներկայացման մասին:
Ռեժիսոր Արսեն Ղազարյանը զարմանալիորեն հաջողել է «տեղավորել» «Անուշ» օպերան 45 րոպեում, ընտրելով առանցքային արիաները, համատեղել երգչախմբի և մեներգչուհու պարտիաները այնպես ներդաշնակորեն, որ անցումները հնչում են սահուն և բնականոն… Միանգամայն չափի մեջ է նաև, երբեմն, օգտագործվող պոետիկ տեքստը:
Բեմական ձևավորման մեջ օգտագործված է առավելապես թափանցիկ բազմագույն վարագույրների համադրությունը, որ ծառայում է նաև որպես բեմական հագուստ, բնության մարմնավորում, կամ էլ հերոսուհու տրամադրությունների արտահայտման միջոց:
Անվերապահորեն դրվատանքի է արժանի նաև հնչյունային ռեժիսորի այս դեպքում ոչ դյուրին, հմուտ աշխատանքը:
Եվ, իհարկե, ներկայացման գլուխգործոց` Անուշի դերակատար Հասմիկ Հարությունյանը` շքեղագույն սոպրանո հազվագյուտ տեմբրային տվյալներով: Հասմիկն այնպիսի հնչյունային նրբերանգներով էր փոխանցում իր Անուշի ապրումները, արտաբերելով միաժամանակ պարզ և հստակ Ամենայն Հայոց Բանաստեղծի տեքստը, որ հանդիսատեսն ակամայից հավատում է իր կերտած կերպարի իսկությանը:
Եվ այս ամբողջական ներդաշնակության ապոֆեոզն այն էր, որ ԱՐԱՐՎՈՒՄ էր Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում՝ նրա Մեծության, Ազգասիրության և Ջերմության էներգետիկան դեռ կրող գրադարանի, կենցաղային և անձնական իրերի կողքին:
Իսկ սրահներում փոքր-ինչ շփոթված ու անակնկալի եկած սքանչելի ձայնի մոդուլացիայից հուշիկ շրջում էին թանգարան այցելած դպրոցականները…
Փայլուն մտահղացում և իրականացում:

Լարիսա Թոփչյան
30.11.2018թ.