«Մեկ դերասանի թատրոն»-ի շրջանակներում բեմադրիչ-դերասանները բեմական կյանք են տալիս պիեսներից դուրս բերված կերպարների, մոնոպիեսների կամ մոնոներկայացման հերոս են դարձնում հանրահռչակ անհատի`անձամբ հեղինակելով գրական նյութը: Այս մոնոներկայացման հերոսուհին Ֆրիդա Կալոն է` աշխարհին հայտնի մեքսիկացի նկարչուհին, ով իր անասելի ցավով ու հիասթափություններով լեցուն կյանքը վերարտադրում էր ներկերի միջոցով: Տարիների ընթացքում մեկը մյուսին հաջորդում էին ինքնադիմանկարները, որտեղ նա արցունքներով էր, մեխերով ծակծկված մարմնով կամ սեղմիրանների մեջ և այլն: Ստեղծագործություններ, որոնք մի տեսակ ասես տագնապ ու սարսուռ են պարունակում, ի ցույց են դնում ցավերից ու ամուսնու դավաճանություններից անընդմեջ խոցվող, բայց և չհուսահատվող, անկոտրում, ապրելու ու նկարելու որոշումով Ֆրիդային:
ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստանոցի շրջանավարտ, երիտասարդ դասախոս, բեմադրիչ Գալուստ Ներսիսյանը խնամքով ուսումնասիրել է նկարչուհու կյանքն ու ստեղծագործական գործունեությունը, դուրս բերել այնտեղից էական նշանակություն ունեցող փաստեր, դրանցից ասես մոնոպիես հյուսել, որը միայնության, ցավի, սիրո, խորտակված երջանկության բայց և արվեստի ուժով կյանքին հաղթելու մասին է:
Դիմավորում ենք Ֆրիդային: Նա բարևում է մեզ, սկսում պատմել իր մասին: Ռեժիսորը նրան ծնունդ է տալիս ճերմակից ու ողջ ներկայացման ընթացքում պահում սպիտակ երկարափեշ շրջազգեստի մեջ (նկարիչ՝ Ժաննա Հովհաննիսյան): Լուսավոր է այս Ֆրիդան, մաքուր է, անբիծ, կենսախինդ: Դեռևս ուսումնառության շրջանում գտնվող երիտասարդ դերասանուհին` Վալենտինա Դավիթավյանն, ով ուսանում է Նարինե Գրիգորյանի ղեկավարությամբ 4-րդ դերասանական կուրսում, իր հերոսուհուն մեզ է ներկայացնում համարձակ ու սեփական գիտելիքներին վստահելով: Նա տեխնիկապես հավաստի կարողանում է ներկայանալ Ֆրիդայի ծանր հոգեվիճակները ներկայացնող տեսարաններում, նաև կենսախնդությամբ ու սրամտությամբ, հումորով կիսվում հանդիսատեսի հետ: Գ. Ներսիսյանը գործողությունները զարգացնում է ծաղկեշղթայով զարդարված տարբեր ֆրիդաների կիսանդրիների միջավայրում, որոնց ոտքերը, թևերն, առանձին իրանները մասնատված աջ ու ձախ են նետված` այս կերպ ասես առարկայացնելով հերոսուհու ցավերը:
Բեմադրության հիմնական երաժշտական մոտիվը այս օրերի կոմպոզիտորի ստեղծած մռայլ հնչյուններն են, որոնք ցրտի, սարսուռի զգացողություն են ստեղծում, անձրևի խշշոցի միջոցով ասես Ֆրիդայի չդադարող ցավի փոխանցողը դառնում:
Ներկայացման մեջ առանձնացնում ենք հղիության տեսարանը, որտեղ Վ. Դավիթավյանը թատերային ընդգծումներով ի ցույց է դնում Ֆրիդայի հղիանալը և շողացող դեմքով, ցնծալով մեզ հայտնում այդ մասին: Դերասանուհին համոզիչ է ստեղծում Ֆրիդայի և նրա կյանքի միակ սիրո` Դիեգո Ռիվերայի դիալոգը: Հմտորեն է նա կերպավորում Դիեգոյին: Բառերն ասես ցմփոր Ռիվերայի «փորից դուրս բերելով», դերասանուհին դրանք ձգելով, տարածելով հնչեցնում է, արհեստականորեն փորձում բարձրահասակ երևալ և մարմնով ստանալ այդ աժդահայի կառուցվածքը: Ֆրիդայի և Դիեգոյի «հանդիպման» տեսարանին ռեժիսորն ինքնատիպ վճիռ է տվել: Դերասանուհին կրքոտ, սիրառատ ֆլամենկոյի հատու շարժումներով ու ծափերով պատմում է այդ հանդիպման մասին: Պարային շարժումները դառնում են ծնված զգացմունքի արտահայտողը:
Սառնասրտությամբ, զուսպ, տեղի ունեցածի գիտակցումով և առանց ավելորդ հուզականության է անցնում ավտովթարի պատճառած հետևանքների տեսարանը: Երիտասարդ դերասանուհին թվարկում է իր մարմնի կոտրվածքները և հերթով դեն նետում մանեքենի անդամահատված ոտքով իրանը, թևերն և այլն: Ռեժիսորի կողմից նման վճիռները հնարավորություն են տալիս դերասանուհուն իրերի խաղարկմամբ, կերպավորմամբ բազմակողմանի և տարբեր իրավիճակներում ներկայացնել հերոսուհուն:
Կարևորում ենք նաև էկրանի կիրառումները, որովհետև արվեստի այս տեսակների համադրումով բեմադրիչը գնում է սուր զգայական ընդգծումների: Այդ տեսարաններում ցուցադրվող հաջող մոնտաժված կադրերից են փողոցի հանգիստ կյանքն ու կտրուկ ավտովթարը, մեկ այլ դեպքում դասական գույներով, անզուսպ կրքով լի վայրկյաններ տևող տեսանյութի ցուցադրումները: Կինոյի ներմուծումը և համադրումը համարում ենք ըստ էության ու ճաշակով: Առանձնահատուկ անդրադառնալով ցուցադրվող կադրերի գունային ընտրությանն` արժևորում ենք դրանց, այսպես ասած, մահացած ու սառը երանգները, որոնք ասես հուշում են Ֆրիդայի արդեն նոր ու օտար իրականությունը:
Դերակատարման մեջ գտնված ենք համարում, այսպես ասած, ավարտակետեր, որոնցից է օրինակ` վիրահատությունները թվարկելիս պատումի ընթացքն արագացնելն ու խորը հոգոցով տեսարանը կտրուկ ավարտելը: Ներկայացման ավարտն էլ կտրուկ է: Ֆրիդան հրաժեշտի խոսքը չավարտած ձեռքով փակում է բերանն, իսկ անավարտ նախադասության շարունակությունն էկրանին է:
Ռեժիսորը մռայլ գույները խտացնում է երեխայի մահվան բոթի տեսարանում և վանգելիսյան կեղեքող ռեքվիեմի հնչյունները պարուրում են Փոքր թատրոնի հանդիսասրահն, իսկ էկրանն անգթորեն ցուցադրում է «Հենրի Ֆորդ հիվանդանոցը» նկարը, Ֆրիդան երեխա հիշեցնող փաթաթանը գրկած ցավից մռնչում է, գետնատարած ողբում:
Եթե կոտրվածքների ու ավտովթարի դեպքում Գ. Ներսիսյանը դաժան բեմավիճակ է ստեղծում, ապա Նյու-Յորքի ու Փարիզի տեսարաններում նա փոխանցված դառնությունն ասես ետ վերցնելով հանդիսատեսին ներքաշում է թեթև, ուրախ, զվարթ ելևեջների մեջ, ապա փարիզյան ուղևորությունն արժևորում ազնավուրյան տոնական ռիթմերով: Հայրենիքից դուրս գտնվելու տեսարաններում Ֆրիդան ներկայանում է կյանքի հանդեպ քամահրական վերաբերմունքով, բուռն, մի տեսակ վայրի վայելքներով:
Ավտոբուսի աղետի, երեխայի կորստի և այլ կուլմինացիոն տեսարաններից հետո ռեժիսորը բեմում կանգնեցնում է շարժումը և տևական դադարը խեղդում է քեզ, լռությունը ճչում է ցավի մասին, օդում զսպանակի պես լարված սպասումն է:
Ներկայացման մեջ բեմական, երբեմն անոնսային պատումը լակոնիկ է, այնքան հստակ ու դիպուկ կազմված, տեսարանների հաջորդումը մեկը մյուսին` դինամիկ ու սահուն, կիրառվող յուրաքանչյուր իր, խոսք կամ հայացք պատճառաբանված, որ «Ուղղակի Ֆրիդա»-ն, որպես նաև «Մեկ դերասանի թատրոնի» մասնագետ մենք համարում ենք հայ թատրոնի այս տեսակի ձեռքբերումներից:
Ռուզաննա Առաքելյան
թատերագետ