Skip to content Skip to footer

Կայացավ 22-րդ «Արմմոնոն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ից մայիսի 3-ը Երևանում և Աշտարակում կայացավ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 22-րդ փառատոնը: 

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։  Փառատոնի գլխավոր գործընկերը ՎՏԲ – Հայաստան Բանկն է։

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն էին Ֆրանսիան, ԱՄՆ, Ռուսաստանը, Բելառուսը և Վրաստանը: Կցուցադրվի 20 մոնոներկայացում, 6-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ`մոնոդրամա, մոնոդոկ: 

Մոնոներկայացումները ցուցադրվել են «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ 

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվել է ապրիլի17-ին՝ ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում․ ներկայացվեց ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Սիգրիդ Կարե-Լըկուանդրի «ԷԴԱ» մոնոդրաման՝ բեմադրիչ և դերասանուհի Լենա Պոգամի (Ֆրանսիա) կատարմամբ։ Մոնոներկայացման երևանյան ցուցադրությանն աջակցել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ի դեմս ռեկտոր Սառա Նալբանդյանի։ 

Փառատոնի օրերին Երևան էին կժամանել միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ՝ ՌԴ-ից և Լիտվայից։

Միջազգային ծրագրում հանդես եկան Իբրահիմ Միարին «Միջև» (ԱՄՆ), Նիկոլայ Բալոբանը «Ֆաուստ»(ՌԴ), Իգոր Բայանովը  «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին «Ագնեսը․ Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես եկան Տաթև Ղազարյանը «Տուն տանող երջանկությունը», Սերգեյ Դանիելյանը «Էն Լոռու ձորն է…», Լիլիա Մուկուչյանը «Ես Ռասպուտինի դուստրն եմ», Արմեն Քուշկյանը«Քաղաքի աղմուկը», Սուրեն Թովմասյանը, Անահիտ Մանուկյանը «Լյուսիեն Լյուկ», Սարգիս Շողունցը«Վայրի Երեխան», Նվարդ Դուդուկչյանը «Պարզապես կին», Հասմիկ Գևորգյանը «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» մոնոներկայացումներով: 

«Արմմոնո» փառատոնն այստարի շեշտադրել է հայ երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործեր, որոնք առաջին ինքնուրույն քայլերն են անում դեպի մեծ բեմեր։ 

Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն ու նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում: