Skip to content Skip to footer

Կայացավ 21-րդ «Արմմոնոն»

Բովանդակային հաշվետվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կայացավ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը:

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն էին՝  Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը,  Վրաստանը. ցուցադրվեց 20 մոնոներկայացում, որից 7-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ:

Մոնոներկայացումները ցուցադրվեցին «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Անց է կացվել նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված էին թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձևով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեցին հայ դրամատուրգների գործեր (բեմադրիչ՝ Տաթև Ղազարյան)։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվեց ապրիլի 28-ին՝ ժամը 20։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ ներկայացվեց փառատոնի նոր պաշտոնական կայքը։

Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ պարգևատրվեցին «Արմմոնո» հուշամեդալով։

Փառատոնի օրերին Երևան էին ժամանել միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք անցկացրել են վարպետության դասեր։

Միջազգային ծրագրում հանդես եկան Անտոն Մոզգալյովը՝ «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան՝ «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան՝ «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն՝ «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը՝ «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին՝ «Ագնեսը․ Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես եկան Վարսենիկ Ավանյանը՝ «Սպասում», Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա»,  Մարիամ Մանոն՝ «Ապրե´լ», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները» մոնոներկայացումներով:

Նշենք, որ «Համլետի երազները» մոնոներկայացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին․ այն բեմադրիչի վերջին աշխատանքն էր։

Այս տարի «Արմմոնո» փառատոնը շեշտադրեց հայ երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործեր, որոնք առաջին ինքնուրույն քայլերն էին անում դեպի մեծ բեմեր։

Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն ու նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը բացահայտում և սիրելի է դարձնում Հայաստանն օտարերկրյա մշակութային գործիչների համար: