Skip to content Skip to footer

ՄԵՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՉՈՐՍ ԵՐԱՆԳՆԵՐԸ

Armmono Yerangner

«Արմմոնո» հոբելյանական միջազգային թատերական փառատոնը այս տարի իր հանդիսատեսին է ներկայանում նաև մեծանուն բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին նվիրված «Արմմոնո Plus» փառատոնով, որը կայացվածության ու պահանջվածության, հայտերի մեծ քանակության մասին է խոսում: Այս փառատոնի շնորհիվ ձևավորվեց միայնակ բեմելների մշակույթը մեր իրականության մեջ: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ջանքերով այն շարունակ զարգանում է, ընդարձակվում և ընդգրկում նոր անուններ, ծրագրեր: Լինելով թատերարվեստի ամենաբարդ տեսակը մենք հպարտությամբ ենք խոսում տեղի և միջազգային բեմերում ամենաբարձր գնահատականին արժանացած հայկական մոնոներկայացումների մասին:
«Արմմոնո Plus»-ի փառատոնային այս օրերին ժանրային համարձակ կիրառումներով, կտրուկ վճիռներով առանձնանացավ Գրիգոր Խաչատրյանի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որտեղ բեմադրիչը բեմ էր բերել նաև տիտուլյար խորհրդատուի մտապատկերում հայտնվող հերոսներին` Մեջի, Ֆիդել-Սոֆի կերպավորող աղջիկների, տեխնիկական կազմ:
Թատերարավեստի այս տեսակի մասին գոյություն ունի «մեկ դերասանի թատրոն» հասկացությունը, որը և իր վերջնական ձևակերպումը դեռևս չի ստացել: Այդ իսկ պատճառով բեմում գործողության զարգացման ինչ-ինչ լուծումներ վիճահարույց են համարվում: Միջազգային մոնոփառատոների փորձառությունը ևս խոսում է այն մասին, որ բեմադրիչները իրենց մտածողությունը հյուսում են նաև մեկից ավելի հերոսների շուրջ, ովքեր միմյանց հետ փոխհարաբերության մեջ չեն գտնվում և որպես նրանց փոխարինող կարող է հանդես գալ որևէ առարկա:

«Խելագարի հիշատակարանը» ներկայացման մեջ բեմադրիչը աշխատում է կինոմտածողությամբ, ազատորեն կտրում է, մոնտաժում տեսարանները, գործողությունը զարգացնում տարբեր հարթություններում: Կինոմատոգրաֆիկ լուծումների հարելով բեմադրիչը շարժ ու դինամիկա է հաղորդում ներկայացմանը: Սա խոշոր պլանների մի յուրահատուկ կոմպոզիցիա կարելի է համարել, որտեղ ռեժիսորը ընդհանուր խավարում լամպի լուսաշրջանի մեջ է առնում դեմք, ոտքեր, ցանկացած իր, թերթեր և այլն: Եվ կադրային այս մտածողությունը յուրատեսակ գեղագիտական ընկալման է հանգեցնում: Բեմ եկող մյուս հերոսները քայլում են պատերի վրայով` կողքի թեքված կադրի նման, սավառնում օդում և այդ ամենը խավարի մեջ թաքնված տեխնիկական կազմի շնորհիվ:

Տաղտուկ առօրյան մեզ հետ կիսելու եկած, իր երիտասարդությանը հրաժեշտ տված գոգոլյան այս կերպարի զարգացման երկու բարձրակետ ունի բեմադրիչը: Մի դեպքում դա դիրեկտորի աղջկա ամուսնության մասին իմանալու տեսարանն է, որտեղ հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է փետրագրիչներ սրող տիտուլյար խորհրդատուի հույսերը փշուր-փշուր լինում, աշխարհը ասես կործանվում է, նրա հավատը չի գալիս, զայրանում է Մեջիի վրա, կամեր-յունկերների վրա, արտասվում, գոռում: Արա Ասատուրյանը խորապես ի ցույց է դնում անարդարությունից դառնացած մարդու ապրումները` լայն բացված աչքերով, տարուբերվող գլխով, դողացող շուրթերով: Շվարելուն կտրուկ հաջորդում է տագնապը, որը ասես զսպանակի նման նրան այս ու այն կողմ է նետում, իսկ հնչող մեղեդիներն էլ ստիպում են խղճալ նրան` ինչ-որ պահ հիշեցնելով երեխայի, ում ձեռքից խլել են բաղձալի խաղալիքը:
Մյուս տեսարանը, որտեղ ռեժիսորը խտացնում է գույները, կերպարին վեր ելնելու հնարավորություն տալիս, դա ֆինալային տեսարանն է, ուր իրականի ու անիրականի սահմանին հայտնված մանր աստիճանավորը ձայնում է մորը, պաղատում փրկել իրեն, խնդրում գրկել ու պատսպարել, օգնել աշխարհում գտնել իր տեղը: Գիտե՞ք որքան ապրումներ կան այս տեսարանում: Գիտե՞ք, կերպարի անպաշտանությունը, դառնությունը, վախը, հույսն ու շրջապատի սառնասրտությունը միահյուսվում են այստեղ ու ստիպում մտորել երազանք ունեցող մարդու ոչնչացման մասին: Եվ որ ամենակարևորն է, հանդիսատեսը ինքը ևս ներքաշվելով այդ իրականության մեջ /Ռուսական թատրոնի փոքր բեմ բերող բոլոր մուտքերը ռեժիսորը օգտագործում էր որպես խաղատարածք` ներառելով հանդիսատեսին/ մի պահ կանգնում է դիրեկտորների ու սոֆիների կողքին, իսկ ճի՞շտ է անում:

Գ. Խաչատրյանը այս խտացումներին մեկտեղում է զավեշտը: Այն տեսարանում, որտեղ խորհրդատուն թերթերից կարդում է, որ Իսպանիան այդ պահին առանց թագավոր է, մի պահ պատկերացնում է, որ այդ թագավորը կարող է դառնալ հենց ինքը: Ի՞նչ թագավոր առանց շքաթիկնոցի ու այդ պահին դուրս է բերում իր աշխատանքային թղթերից ձևած շքաթիկնոցը, հպարտորեն կրում այն: Գտնված լուծում է: Հերոսի էությունից բխող: Ծիծաղի ալիք բարձրացնող մեկ այլ տեսարան կա, որտեղ խորհրդատուն պատկերացնում է, որ Իսպանիա է եկել, իսկ հանդիսատեսը նրան տեսնում է մահճակալի վրա կանգնած ճերմակ զսպաշապիկով, որի թևերը ագուցված են մահճակալի երկու ծայրերին:

Armmono Yerangner

Ասատուրյանի հերոսը ամենայն լրջությամբ զարմացած է, թե որքան արագ իրենք հասան Իսպանիայի սահմաններ և պատգամավորներն էլ, վերջապես, իրեն ներկայացան: Գիտե՞ք, այս հերոսը այնպես հպարտանալ գիտե: Ա. Ասատուրյանը մադրիդյան տեսարաններում գրոտեսկի հարող վարվելաձևով է ներկայացնում նրան: Հպարտորեն գլուխը վեր պահած, հայացքը վերևից, ոտքը ոտքին գցած ու կոկիկ կեցվածքով նստած նա պատմում է, թե ինչպես առանց գլուխ տալու է անցել բաժանմունքի պետի կողքով, ինչպես է ստորագրել որպես թագավոր ու ողորմած կերպով չպահանջել դիրեկտորից հպատակություն:
Մի քնարական տեսարան կա, որտեղ մահճակալին պառկած խորհրդատուն մտովի տեղափոխվում է Սոֆիի ննջասենյակ: Դերասանին հաջողվում է երանությունից ճառագող դեմքով ու թավալգլոր վիճակով ցույց տալ այն բերկրանքը, որում ասես հայտնվել է հերոսը: Զուգահեռաբար հնարամիտ ռեժիսորը խավարի մեջ առնելով խորհրդատուին լուսավորում է մահճակալի տակը, ուր հանդիսատեսը տեսնում է ճերմակ ներքնազգեստով պառկած Սոֆիին:
Կերպարի ներաշխարհի բացման համար բնութագրական է դառնում մեղվի բզզոցը: Գիտակցության մթագնման րոպեներին նրան անընդհատ լսելի է դառնում մեղվի ձայնը, որը գնալով սաստկանում է, երբեմն թույլ լսելի դառնում: Եթե մի դեպքում բեմադրիչը այս ձայնը կերպարի տեսիլներից իրականություն տեղափոխվելու միտումով է կիրառում, մյուս դեպքում` ակնարկվում է մահը և ասես խորհրդատուի հոգին լքում է մարմինը, ճախրում դեպի իր կենարար նեկտար Սոֆին:
Չմոռանանք լամպի մասին: Այն նույնիսկ կերպավորվում է և անհրաժեշտության դեպքում ներկայանում որպես դիրեկտոր, դառնում խաղընկեր:
Դիմախաղը, արտասանվող բառերի, արտահայտությունների տոնայնությունները, շեշտադրումները, ակնոցի կտրուկ կիրառումները, սև շինելի փեշերի ծածանումը, կամ արտաքին աշխարհից այն որպես թաքստոց օգտագործելը խոսում են կերպարի մեկնաբանման գտնված բանալիների մասին: Ա. Ասատուրյանը սիրում է իր հերոսին: Դա զգացվում է հատկապես լռության տեսարաններում: Նա խնամքով է ներկայացնում գոգոլյան իր հերոսի տրամադրության անընդհատ փոփոխությունները, ներքինից բխեցնելով հուզական մեկ հեզ, մեկ հարձակվող, հակասական վիճակները:
Գրիգոր Խաչատրյանը հավատարիմ է մնացել Գոգոլին և իր հարուստ երևակայությամբ իրականացրել է օրագրային այս գրառումների բեմական ընթերցումը: Ստեղծելով այս մոնոներկայացումը և բեմ բերելով մեկից ավելի հերոսներ նա մեծ վարպետությամբ է փոխհարաբերություններ կառուցում, կերպարներին մեկը մյուսի հետ շփում թույլատրում և միևնույն ժամանակ պահպանում ժանրի առանձնահատկությունները: «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը այն եզակի դեպքերից է, երբ բեմադրիչի ու դերասանի կուռ աշխատանք է նկատվում, որտեղ ռեժիսորական խնդիրները գտել են իրենց դերասանին:

Armmono Yerangner

«Արմմոնո Plus»-ի մյուս մասնակից ներկայացումներից իր օրիգինալ մեկնաբանությամբ առանձնանում է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, որտեղ անվանի բեմադրիչը Դոստոևսկու Ապուշի մի ինքնատիպ մեկնաբանությամբ է ներկայացել: Իշխանի / դերակատար ` Արմեն Քուշքյան/ միջոցով նա բեմ է բերում Նաստասիային, ով իր կանացի երջանկության դեգերումներում է, կյանքի ունայնության հարցերով տարված, տառապալից է, նյարդային ծիծաղով: Դերասանը իր հերոսուհուն ներկայացնում է ընդհանուր կոնտեքստում և նախ և առաջ նա որպես Միշկին է ներկայանում, ապա հանդերձավորված Նաստասիա: Բեմադրիչը կախիչներին հագցված ֆրակների միջոցով բեմ է բերում Նաստասիայի ձեռքը խնդրող այլ հերոսների: Վեպից բեմականացվել են Նաստասիային առնչվող հատվածները, որտեղ երևում են նաև վեպի այլ հերոսների հետ ունեցած նրա փոխհարաբերությունները:
Դերասանին հաջողվում է մեծ վարպետությամբ ներկայանալ Ագլայա-Նաստասյա հանդիպման տեսարանում, որտեղ քննարկման թեման դառնում է իշխանի հանդեպ սիրո տարբեր բևեռները: Նա այդ հանդիպման առանցք է դարձնում այն արտահայտությունը, որում ասում է, որ իր դրությանը անտեղյակ չպետք է մեղադրել իրեն: Հանդիսատեսի առջև շերտ առ շերտ է բացվում առեղծվածային այս հերոսուհին:
Ֆինալային տեսարանում Նաստասիան իշխանին է հղում նրա կողմից իրեն տրված սիրո ու չլքելու մասին խոստումները: Նա հարց է հղում. «Արդյո՞ք անառակ եմ ես», ապա սպանությունն ակնարկելով արտաբերում է. «Դու նրան ինչո՞վ, դանակո՞վ» ու ընկղմվում պարկ-հանդերձի մեջ: Խորտակված ճակատագրերի մասին հուզական մեղեդիները ողողում են բեմը:
Մյուս մոնոներկայացումը, որը «Արմմոնո Plus»-ի շրջանակում դիտեց հանդիսատեսը Արթուր Մակարյանի բեմական մտածողությունն է Վ. Շեքսպիրի «Համլետ» և Հ. Մյուլլերի «Համլետ machine» ստեղծագործությունների շուրջ: Բեմում այս Համլետը /Նարեկ Բաղդասարյան/ ասես կանգնած է հարցաքննության առջև, և պատասխանելով հնչող հարցադրումներին ներկայանում է իր դատողություններով` այս կերպ խթանելով գործողությունների զարգացումը: Ներկայացման մեջ կարևորված է շարժումը, որի կրկնողությունը և կատարման ընթացքի աստիճանական արագությունը ի վերջո ծնում է խտացված որևէ ասելիք, կամ դրդում որոշման, գործողության` ռիթմ ու էներգիա հաղորդելով տեսարանին: Խոսքը երիտասարդ դերասանը օգտագործում է ազատորեն` խաղարկման առնելով արտահայտությունները: Ն. Բաղդասարյանը մեծ վարպետությամբ է կերպավորում շեքսպիրյան այս հերոսներին և կերպարից մյուսին անցումները տեխնկիական ու հուզական առումներով իրականացնում սահուն:
«Դու իրոք սիրու՞մ էիր Օֆելիային» հարցին նա պատասխանում է գործողությամբ` մերձենալով Օֆելիային կերպավորող կորսետային զգեստին ու խաղարկելով այն որպես իր բուռն սիրո դրսևորում: Դերասանը մարմնի մի կողմում կրելով Օֆելիայի հանդերձը և արձակելով մազերի այդ հատվածը` հանդիսատեսին է ներկայանում մեկ մարմին դարձած սիրահարների կերպարներով ու բարձրաձայնում նրանց երկխոսությունները:
Այս Համլետը ևս դեմ է հորեղբոր ու մոր մերձեցմանը: Նա վրեժխնդիր լինելուց առաջ բորբոքված մտածում է և այն էլ` երկար: «Ի՞նչ զգացիր, երբ մայրդ ամուսնացավ հորեղբորդ հետ» հարցին նա մարմնի մի հատվածին կրում է մորը կերպավորող հանդերձը, հեգնալից գլուխը զարդարում ամուսնական քողով և արտասվախառը, զարմացած արտաբերում. «Մա´յր, մա´յր: Մայրս հարսնացու~ է» նախադասությունը, որի մեջ խտացված է ողջ հիասթափությունը, զայրույթը, քինախնդրությունը, ատելությունը:
Ներկայացման մեջ համադրվում է նաև կինոն և էկրանի կիրառման միջոցով հոր ուրվականը մասնակից է դառնում ներկայացմանը, երբ բեմադրիչի մտահղացման համաձայն գրամեքենայի ստեղների ձայնի ներքո էկրանին գրվում էր ուրվականի տեքստը:

Armmono Yerangner

Ետնաբեմը զարդարված էր փոքրիկ մարդուկների պատկերներով, որոնք մի դեպքում ընկնում են, մի դեպքում բարձրանում, այլ դեպքում քայլ անում առաջ և ասես հիշեցնում որ աշխարհը միշտ էլ կանգնելու է այս հարցադրումների, դատողությունների, լինելու ու չլինելու խնդրի առաջ, իսկ կյանքն էլ շարունակվելու է:
Փառատոնին մասնակից Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը երևանյան հանդիսատեսին ներկայացավ ըստ Ա. Չեխովի «Կարապի երգը» մոնոներկայացումով, որտեղ երիտասարդ դերասան Արամ Հայրապետյանը հարբած դերասան-ծաղրածուի կերպարով է և վարպետորեն է ներկայացնում կուլիսներում հայտնված այս հերոսին: Հանդիսատեսի հետ մտերմիկ զրույցի բռնվելով դերասանը կիսում է իր մտահոգությունները: Ծաղրածուն մե´կ վշտահար է, մե´կ նեղացած, մե´կ հուզված: Ա. Հայրապետյանը նրբորեն ի դերև է բերում իր հերոսի թաքնված հույզերը, անտեսվածությունը, խաղարկման առնում տարբեր կոստյումներ: Տեսնել է պետք, թե նա ինչ խնամքով և սրտում ծվարած թաքուն հույսով է կերպարանափոխվում: Այդ տեսարաններում, որտեղ նա կոստյումը փոխարինում է թասակով կամ վերնազգեստով, հարդարվում է, կենսախնդորեն փորձում է հավատացնել, որ ահա այս կերպարը այլ հաջողություն կունենա: Հաջորդող տեսարաններում նա գլխիկոր ու հուսահատ ծվարած է` քնարական երաժշտության հնչյունների ներքո: Ուշադրության, ծափերի և սիրո որքա~ն կարիք ունի նա:
Բեմադրիչը /Գրիշա Մարգարյան/ բեմ բերելով օղու դատարկ շշեր այս կերպ հուշում է կերպարի դառնություններին սպեղանի դարձած միջոցի մասին: Բեմական տարածության կահավորումը ներկայացնում է վարագույրից այն կողմ գտնվող դիմահարդարման սենյակ, որտեղ իր կյանքի անցած գնացած տարիների վերհուշով ու մտորումներով է ներկայանում հերոսը: Բեմադրական մտահղացումը հյուսված է «Իսկ ես հոգնած մի ծաղրածու եմ» երգի շուրջ, որտեղ ամփոփվում է ապրված մի ողջ կյանք:
Ուրախալի փաստ է, որ Կապանի հանդիսատեսը ունեցավ իր թատրոնում այս ժանրի ներկայացում դիտելու հնարավորություն, իսկ խաղացանկն էլ ընդլայնվեց մարդկային նման ապրումների ու չստացված կյանքի մասին պատմող ներկայացումով:
«Արմմոնո Plus» փառատոնի այս չորս օրերին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու նաև այլ մոնոներկայացումներ, որոնցից ամեն մեկը ի´ր յուրահատկությունն ուներ, մենության ի´ր երանգը:


Ռուզաննա Առաքելյան
թատերագետ