Արմմոնո - 2014
Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը, Հայաստանի Թատերական գործիչների միությունը 2014թ. ապրիլի 25–29-ը Երևանում կանցկացնեն մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը:
Այս տարի կցուցադրվի 17 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ:
Փառատոնին մասնակցում են նաև հայ դերասաններ:
Փառատոնը կբացի Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փեթար Միլուշևսկին՝ «Beautifull» («Գեղեցիկը») մոնոներկայացմամբ:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լիտվայից: Արդեն ծանոթ հայ թատերասեր հանրությանը Լիտվայի Ազգային թատրոնի դերասանուհի Բիրուտե Մարը կներկայանա «Բառեր ավազի վրա» մոնոներկայացմամբ, իսկ Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը՝ հանրահայտ բեմադրիչ Սաուլիս Վառնասի «Խավարում հայտնված» մոնոներկայացմամբ:
Հայ թատերասեր հանրությանը ևս մեկ հայտնի լեհ դերասան Յանոշ Ստոլարսկին կցուցադրի «Հոբ Երանելի» մոնոներկայացումը:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 2 ներկայացում Ռուսաստանից: Դերասան Ալեքսեյ Բաղդասարովը կներկայանա «Ապոկալիպսիսի մեկնիչը» մոնոներկայացմամբ, իսկ դերասանուհի Օլգա Նովիցկայան կցուցադրի «Դաս»-ը մոնոներկայացումը:
Հայաստանից փառատոնին մասնակցում են դերասաններ՝ ՀՀ. վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը՝ «Խարույկ լուսաբացին», Արա Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը՝ «Ամիսը գյուղում. Իսլաև», Վարազդատ Փանոյանը՝ «Դորիան Գրեյ» և Մարի Գրիգորյանը՝ «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (2013թ. նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ դերասաններ՝ Նարեկ Հարությունյանը՝ «Ռոմեո», Մորենա Ֆուեգոն՝ «Օձի հեքիաթը» և Հարություն Գալֆայանը՝ «WWW. AMPHIBIA.COM» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում (2014թ. նորամուծությունն է) կներկայացվեն նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2013թ. աչքի են ընկել ՀՀ. վաստ. արտիստներ Մուրադ Ջանիբեկյանի և Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները:
Մ. Ջանիբեկյանի «Խոստովանություն» մոնոներկայացումը մասնակցել է Կիևում անցկացվող «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնին, որտեղ Մ. Ջանիբեկյանն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում: Իսկ Նարինե Գրիգորյանի «Դզին-Բանա-ստեղծագործություն» մոնոներկայացումը 2013թ. Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մոնոներկայացումների միջազգային փառատոնում ունեցել է մեծ հաջողություն, 2014թ. արդեն հրավերներ ունի:
Փառատոնն իրենց մասնակացությամբ կպատվեն մոնոներկայացումների միջազգային փառատոների հանրահայտ տնօրեններ` Յոլանտա Սուտովիչը /Գերմանիա/, Մարիա Տանանան /Լիտվա, Մարիա Յուրևան /Սանկտ Պետերբուրգ/, Ռախել Տարանատսը /Իսրայել/, հանրահայտ բեմադրիչ Սաուլիս Վառնասը/ Լիտվա/, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Յարոսլավ Անդրոնովը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ Երևանի Կինոյի և Թատրոնի ինստիտուտի ուսանողների համար:
Ասուլիսին մասնակցում էին. փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, դերասան Փեթար Միլուշևսկին (Մեծ Բրիտանիա):