Արմմոնո - 2015
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. մայիսի 6–11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան):
«Արմմոնո» փառատոնը կբացի Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին կցուցադրի «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում է օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:
Հայ թատերասեր հանրությանը արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան կներկայանա «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում:
Ի. Եվդոկիմովան կներկայացնի նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:
Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) կներկայանա «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լեհաստանից: Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) կներկայանա «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Այս տարի փառատոնի օրերին կանցկացվի «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը կծանոթանա արդի արաբական թատրոնի զարգացումներին:
Փառատոնին կմասնակցեն նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Անահիտ Մութաֆյանը՝ «Ճիչը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս » մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես կգան Նորա Գրիգորյանը՝ «Ճամփորդը», Արինե Սուքիասյանը՝ «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը՝ «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի կազմվել է համատեղ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի. կցուցադրվեն ուսանողական աշխատանքներ:
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014թ. մոնոներկայացումների միջազգային փառատոների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում:
2014թ. հաջողություն ունեցած «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրի մասնակից Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը կցուցադրի «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:
2015թ. փառատոնի նորամուծություններից է «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որտեղ իրենց մասնակցությունը կունենան դպրոցականներ: Ծրագրում կմասնակցեն Ա. Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտները:
«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա):
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր:
Նշենք, որ 2014թ. 17 մոնոներկայացում Հայաստանից մասնակցել է տարբեր միջազգային մոնոփառատոների: Վրոցլավի (Լեհաստան) «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին մասնակցած ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով: ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը «Դզին» մոնոներկայացումով ներկայացել է Ռուսաստանի, Գերմանիայի, Բելառուսի միջազգային թատերական մոնոփառատոներին: Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը «Պենելոպե» մոնոներկայացումով հանդես է եկել Ռուսաստանի, Իսրայելի, Գերմանիայի միջազգային թատերական մոնոփառատոներին:
2014թ. «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասնակիցները «Թատերական Լոռի» փառատոնին ներկայացրել են 7 մոնոներկայացում:
Ասուլիսին մասնակցում էին. «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԸ, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատերարվեստի գծով մասնագետ ՆԱԻՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: