«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ։
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:
Փառատոնը կբացի ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթևոսյանի:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 21 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ:
Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Զարուհի Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, Արամ Հայրապետյանը և այլք:
Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք սրտի, արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի, հասկանալի պատճառներով:
Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:
Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:
Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում:
Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…» պիեսը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ: