Skip to content Skip to footer

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

Հունիսի 11-16-ը Կիեւում կայացած «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնից Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆ ու Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ վերադարձել են մրցանակներով. Մ. Ջանիբեկյանի «Խոստովանություն» մոնոներկայացումը մրցանակ է վերցրել «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում, իսկ Ռ. Հակոբյանի «Ձեզ եմ դիմում» ներկայացումը արժանացել է Գրան-պրիի:
Միջազգային այդ ստուգատեսին մասնակցել են 8 երկրներից ժամանած դերասաններ: Մրցութային հանձնաժողովի կազմում են եղել թատերական քննադատ, «Ոսկե դիմակ» փառատոնի փորձագետ` Ալեքսանդր Վիսլովը, «Մոնոբալթիա» միջազգային թատերական փառատոնի տնօրեն` Ալեքսանդրաս Ռուբինովասը, Ի. Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմադրիչ` Պյոտր Իլչենկոն եւ այլք:
Փառատոնի շրջանակում հաջողությամբ (ոչ մրցութային ծրագրում) հանդես է եկել Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ԼԱՐԻՍԱ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ: Դերասանուհին ներկայացել է ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրած «Ես եմ ճայը» մոնոներկայացմամբ: Նրա աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի: